Պաշտոնական Անկարայի արտաքին քաղաքականության գերակայություններից է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը, որը կրկին ու կրկին առաջ է գալիս, Today’s Zaman-ի իր բլոգում գրում է քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը:
«Կասպյան էներգետիկ ծրագրի մեջ ներգրավված ընկերություններն անընդհատ կապ են հաստատում ինձ հետ և հարցնում` արդյոք ունե՞մ որևէ ներքին տեղեկատվություն Անկարայից հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացը վերսկսելու մասին և եթե այդպես է, ինչպես դա կարող է ազդել Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համագործակցության վրա: Այս ընկերությունների համար գազը եվրոպական շուկա հասցնելն ավելի կարևոր է, քան հայ-թուրքական սահմանի բացումը, հետևաբար, նրանք չեն ցանկանում զայրացած տեսնել Բաքվին. դա կարող է հանգեցնել ծրագրի հետաձգմանն ու նոր լարվածություն ստեղծել տարածաշրջանում», – նշում է Փոլը:
Նրա խոսքով` հարաբերությունների մերձեցման ուղղությամբ արվող ցանկացած նոր քայլ մանրակրկիտ մտորումների կարիք կունենա:
«Բոլոր կողմերը պետք է ավելի ճկուն լինեն, քան նախկինում էին: Եթե իսկապես առաջնըթաց պետք է լինի, դա նշանակում է, որ այն պետք է ավելի «ընդգրկուն լինի» , ներառյալ Ադրբեջանին տեղյակ պահելը գործընթացի մասին, ինչը կնշանակի, որ պետք է ինչ-որ բան տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հարցում: Եթե դա տեղի չունենա, ես կասկածում եմ, որ գործընթացը հաջողությամբ պսակվի: Ավելի հավանական է, որ «գազային խոչընդոտը» կրկին հայտնվի, քանի որ մինչ Թուրքիան և Ադրբեջանը հուշագիր են ստորագրում գազի գների և փոխադրման հարցերի վերաբերյալ առանց վավերացման, այդ համաձայնագիրը մեծ արժեք չունի: Եվ, իհարկե, հնարավոր է, որ Ադրբեջանը կրկին այս հարցը բարձրացնի` հայ-թուրքական մերձեցումը խոչընդոտելու համար, որը, իր հերթին, կազդի Եվրամիության էներգետիկ անվտանգության ծրագրերի վրա», – նշում է հոդվածագիրը:
Փոլի կարծիքով` Ադրբեջանը կարող է ավելի հեռու գնալ, քանի որ այն մի խաղաքարտ էլ ունի, այն է` մեծացնել սեփական դերը որպես գազի համար տարանցիկ երկիր:
«Ադրբեջանը կարող է տարանցիկ երկիր լինել թուրքմենական գազի համար, հետևաբար, նա կարող է որոշել և ասել` մենք առաջընթաց ենք ցանկանում Լեռնային Ղարաբաղի հարցում, հակառակ դեպքում` մենք չենք գործի որպես փոխադրող երկիր: Այս եռանկյունիում գազը դառնում է խաղի կանոնները փոփոխող հանգամանք», – եզրափակում հոդվածագիրը: