Այսօր, առավել քան երբևէ, Հայաստանում հստակեցված է քաղաքական դաշտը. կա իշխանություն, կա` հանձինս Հայ Ազգային Կոնգրեսի, ընդդիմություն, և կան ՀԱԿ-ին ընդդիմություն հանդիսացող այլ քաղաքական և հասարակական միավորներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:
Պարզաբանելով, թե ում է ինքը համարում ՀԱԿ-ին ընդդիմություն, Շահնազարյանն ասել է, որ նկատի ունի «Ժառանգությանն» ու «Դաշնակցությանը», սակայն, միևնույն ժամանակ, կոչ է արել վերջիններիս չայրել բոլոր կամուրջները:
«Չեմ կարծում, որ նրանք այդ դաշտում ապագա ունեն, դրանք կամ կմարգինալիզացվեն, կամ ամբողջությամբ կհայտնվեն քաղաքական արխիվում, կամ ամբողջությամբ իշխանական դաշտում: Երևի, չարժե այրել բոլոր կամուրջները, բայց որոշումը իրենցն է», – ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: