Չորեքշաբթի առավոտյան հարձակում է տեղի ունեցել Լիբիայի Բենղազի քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի և Թուրքիային պատկանող հումանիտար օգնության նավի վրա, հաղորդում է vesti.az-ը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Պարզվել է, որ հարձակում գործած խումբը լիբիական ընդդիմության կողմնակիցներն են եղել: Ընդդիմադիրների շրջանում բողոքի ալիքի պատճառ է դարձել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի այն հայտարարությունը, համաձայն որի Թուրքիան դեմ է լիբիական ընդդիմության զինմանը:
Հյուպատոսարանի մոտ հավաքված մի խումբ մարդիկ սկսել են կոտրել դռներն ու ապակիները և հայտարարել են, որ Թուրքիայից ոչ մի օգնություն չեն ակնկալում` միաժամանակ պահանջելով անմիջապես թուրքական դրոշն իջեցնել: Ցուցարարները հակակառավարական կարգախոսներ են հնչեցրել:
Հյուպատոս Ալի Դավութօղլուի խոսքով` ցուցարարների քանակը նվազում է, սակայն նրանք պնդում են, որ չեն հեռանա, մինչև չհասնեն թուրքական դրոշի վերացմանը:
«Նրանք ասում են, որ հիասթափված են վարչապետի խոսքերից, և կոչ են անում նրան անցնել լիբիացի հեղափոխականների շարքերը»,- ասել է հյուպատոսը: