Այսօր առավոտյան ժամը 11.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակչուհի, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Կարինե Ծատրյանի տուն է գնացել տեղի ոստիկանական բաժնի ներկայացուցիչը և ասել, որ նրանց ընտանքին պատկանող մեքենան պետք է տանեն ոստիկանության բաժին` զննության:
Ծատրյանի փոխանցմամբ` ոստիկանը նշել է, որ Երևանում հանցագործություն է տեղի ունեցել, և մեքենան հանցագործության ժամանակ եղել է այդ վայրում
Նա նշել է, որ մեքենայով մեկնել է Ապարանի ոստիկանություն, որտեղ էլ մեքենան տարել են տուգանային հրապարակ:
Ապարանի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը Կարինե Ծատրյանի հետ զրույցում նշել է, որ նրա ամուսնուն, ով վարում է մեքենան, կասկածում են հանցագործության մեջ:
«Ես էլ ասեցի, որ իմ ամուսինը հանցագործ չի, իսկ դուք գիտեք, որ վաղը ցույց է դրա համար էլ նման քայլեր եք անում: Եթե մեքենան չտաք, ինչ էլ անեք, ես վաղը գնալու եմ ցույցի», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է Ծատրյանը:
Սկզբում Ահարոնյանը ժխտել է հանրահավաքի և ավտոմեքենայի տուգանայաին հրապարակ տանելու կապը, իսկ հետո, Ծատրյանի խոսքով, իբրև թե մտերմիկ զրույց է անցկացրել իր հետ և փորձել է համոզել նրան չմասնակցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին:
«Նա ասում էր` մի գնացեք հանրահավաքի, ձեզ հարիֆացնում, տանում են, ձեզ վտանգի եք ենթարկում գնալով այնտեղ, ձեր վրա ջուր կցանեն, այնտեղի գտնվող մարդկանց նկարահանում են: Ես էլ ասեցի, ես հանցագործություն չեմ անում, դա իմ իրավունքն է: Նա նաև ասաց` «եթե խելոք չմնաք, կասեմ, ճանապարհին ձեզ կբռնեն, մի հատ ակտ կգրեն, նոր կիմանաք»,- ասել է Ծատրյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքից հետո իրեն կրկին հրավիրել են ոստիկանություն` զրույցի:
«Ես էլ ասեցի` կաֆե չի, ճաշկերույթ չի, որ հրավիրում եք, ծանուցագիր ուղարկեք, կգամ»,- ասել է Ծատրյանը:
Նշենք, որ ավտոմեքենան ոստիկանները հետ են վերաադրձրել տիրոջը: