Լատվիայում ազգային հերոսի նկատմամբ մեղադրական վճիռ է կայացվել, ով դատապարտվել է երեխայի սպանության համար: 48-ամյա Վիլիս Սիմանովսը, ով «երկրի հպարտությունն» էր դարձել դեռահասին սառցե ջրից փրկելու համար, 13 տարի բանտում կանցկացնի սեփական դստեր սպանության պատճառով:
Հանցագործությունը տեղի է ունեցել 2010 թվականի ապրիլի 28-ին: Գիշերը`ժամը 2:35-ին հրշեջ ծառայությունը ահազանգ է ստացել այրվող տան մասին: Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, տնտեսական կառույցում 2002 թվականին ծնված աղջնակի դիակ են գտել կրծքավանդակի շրջանում հասցված վնասվածքով:
Պարզվել է, որ սպանությունը կատարվել է ընտանեկան լարված կոնֆլիկտի արդյունքում: Սիմանովսի կինն այդ ժամանակ ապրում էր արտասահմանում և պատրաստվում էր աղջկան նույնպես իր մոտ` Անգլիա տեղափոխել, սակայն հայրը դեմ էր:
Սիմանովսի կինը որդուն ավելի վաղ տեղափոխել էր Մեծ Բրիտանիա:
Սիմանովսի եղբայրը դատարանում տված վկայության ժամանակ նշել է, որ Վիլիսը շատ էր սիրում աղջկան: Փաստացիորեն հենց նա էլ խնամում էր դստերը:
Եղբայրը հավելել է, որ նա այդ քայլով ցանկանում էր վրեժ լուծել կնոջից, ով ցանկանում էր զրկել իրեն երեխաներից:
Ճակատագրի հեգնանքով, երեխայասպանը այս դեպքից 2 տարի առաջ ողջ երկրով մեկ հայտնի էր դարձել որպես երեխաների փրկիչ: Այն ժամանակ Վիլիս Սիմանովսը փրկել էր սառցե ջրում խեղդվող 13-ամյա տղայի: Անձնազոհ քայլի համար նրան «Լատվիայի հպարտություն» պատվավոր կոչում են շնորհել:
Կոչման շնորհումից հետո Սիմանովսը հպարտությամբ պատմել է իր ընտանիքի մասին: «Ինչպես ցանկացած գնչուի, այնպես էլ ինձ համար ընտանիքը կարևորագույն արժեք է»,- հայտարարել է նա:
«Երեխան միակ երևույթն է աշխարհում` հանուն որի կարելի է ապրել»,-ասել էր հերոսը: