Այսօր առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղբանտարկյալ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը սրտի նոպա է ունեցել, և ՔԿՀ-ի բժիշկն առաջին օգնությունն է ցուցաբերել նրան:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Սամսոն Խաչատրյանի որդին` Սարգիս Խաչատրյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Խաչատրյանի վիճակի մասին տեղեկանալով` վերջինիս փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը մանրազնին բժշկական հետազոտության կարիք ունի, քանի որ ամիսներ առաջ նա սրտի լուրջ վիրահատության է ենթարկվել:
Մեր տեղեկություններով, այս պահին փաստաբան Արա Զաքարյանը գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում ` Սամսոն Խաչատրյանի մոտ: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, 15:00-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկի մոտ էին գտնվում երեք բժիշկներ, որոնց այդ պահի դրությամբ ներս չէին թողնում:
Հիշեցնենք, որ Սամսոն Խաչատրյանը ձերբակալվել է մարտի 13-ին: Նրան մեղադրում են 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)՝ կապված մարտի 1-ին տեղի ունեցած միջադեպի հետ: