Ադրբեջանում սխալ պատկերացում կա հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահի խորհրդական, «ԻՌՆԱ» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Ալի Ակբեր Ջավանֆեքրը:
«Մենք կասկածներ ունենք առ այն, որ Հայաստանի հետ հարաբերությունների պատճառով Իրանի բացասական իմիջը ձևավորում են սիոնիստները: Սակայն Ադրբեջանի և Իրանի միջև առկա հարաբերությունները ոչ մի կերպ չեն կարող հավասարվել հայ-իրանական հարաբերություններին»,- պարզաբանել է նա:
Ակբերի խոսքով`Ադրբեջանի հետ հարաբերությունները հիմնված են եղբայրական և բարի դրացիական կապերի, ինչպես նաև ընդհանուր կրոնական և մշակութային արմատների վրա:
Այն հարցին` ինչու էր նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր ստացել մասնակցելու Իրանում նշվող Նովրուզի տոնակատարություններին, Ակբերը պատասխանել է, որ այդ տոնին հրավիրված են եղել շատ երկրների նախագահներ:
«Ես լուրջ խնդիր չէի ստեղծի Սարգսյանի` Նովրուզի մասնակցության առիթով: Նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս նշել է, որ Ադրբեջանն ու Իրանը երկու եղբայրական պետություններ են, և իր ու նախագահ Մահմուդ Ահմադինեժադի միջև ընկերական հարաբերություններ են ձևավորվել»,- ընդգծել է Ջավանֆեքրը: