Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել հանրակրթական ուսումնական հաստատությունը դեռևս չավարտած անձանց։
Ներկայումս Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում օրենքով նախատեսված նոր կրթական չափորոշիչների ներդրման և կիրառման արդյունքում (12-ամյա կրթական համակարգ) Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող անձինք` դեռևս ուսումը չավարտած, հասնում են պարտադիր զինվորական զորակոչի տարիքի (18 տարեկան) և ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության: Տվյալ խնդիրը կարգավորելու նպատակով` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի համաձայն` յուրաքանչյուր անձի համար ՀՀ կառավարությունը պետք է ընդունի տարկետում տալու մասին որոշում:
Հաշվի առնելով վերոհիշյալը` առաջարկվել է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում` հանրակրթական ուսումնական հաստատությունը դեռևս չավարտած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու նպատակով: