Այսօր` Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին ընդառաջ, այլ երթուղիների հետ մեկտեղ, դադարեցվել է Մասիս-Երևան տրասնպորտի աշխատանքը: Ինչպես հաղորդել է Epress.am-ի թղթակիցը Մասիսից, քաղաքի ավտոկայանում Երևանից եկող գազելները ուղևորներին իջեցնում էին, սակայն Երևան ուղևոր չէին տեղափոխում: Հարցին, թե ինչով են պայմանավորված իրենց գործողությունները, վարորդներից մեկը պատասխանել է. «Չեն թողնում», և անմիջապես հեռացել:
Երևանից Մասիսի ավտոկայան ուղևորներ բերած մեկ այլ գազելի վարորդ էլ մինչև լրագրողի հետ խոսելն արդեն վիճել էր մի երիտաասարդի հետ, ով, իմանալով, որ գազելը Երևան ուղևոր չի տեղափոխում, բղավել է նրա վրա. «Շեֆերդ ոնց ասում են, գլուխներդ կախ անում եք»:
Հարցին, թե ինչու է հրաժարվում գնալ Երևան, այս վարորդը պատասխանել է, թե մեքենան է փչացել: «Ես էլ կենդանի մարդ եմ, կարող ա հիմա ինֆարկտ խփի», – իր մեքենայի` քիչ առաջ աշխատելու փաստը մեկնաբանել է նա:
Ավտոկայանում հավաքված մարդիկ համոզված էին, որ տրանսպորտի բացակայության պատճառն այսօրվա հանրահավաքն է:
Մասիսի բնակիչ Ավետիս Ծատուրյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ոստիկանության աշխատակիցները զգուշացնում են տաքսիստներին, որ Երևան ուղևոր չտեղափոխեն:
«Նրանք զգուշացնում են, որ Երևանում դրված են նկարահանող տեսախցիկներ, և ամեն ինչ ֆիքսվում է, այնպես որ, իրենք հետագայում պրոբլեմ կունենան»,- ասել է Ծատուրյանը:
Տեղի բնակիչները նաև պատմել են, որ ոստիկանության աշխատակիցներից ոմանք էլ իրենց մեքենաների վրա տաքսու նշաններ են դնում և շրջում են ժողովրդի մեջ` տեղեկություններ ստանալու համար: