Վերջին օրերին մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատների խմբեր կոչ են անում կիրակի Մոսկվայում կայացած «Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ բնակարաններ նվեր ստացած հայ երգիչ-երգչուհիներին դրանք նվիրաբերել անօթևան ընտանիքներին: «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում այս հարցին է անդրադարձել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Սամվել Կարապետյանը 10 տարի է` տասնյակ միլիոնավոր դոլարների չափով բարեգործություն է իրականացրել Հայաստանում և Արցախում: Որևէ անգամ չտեսանք , որ այդ նույն լրատվամիջոցները կամ կայքերը շնորհակալություն հայտնեին հայրենասեր, բարերար այդ անձնավորությանը: Եվ չի կարելի այսօր այդպես սևացնել ու վարկաբեկել նրան: Այն դեպքում, երբ նա իր անձնական ունեցվածքից է նվերներ տվել: Գուցե սխալ է արել, բայց ում ցանկանա`նրան էլ նվեր կտա: Իսկ ո՞վ է ասում, թե նա Շուշան Պետրոսյանին չպիտի նվեր տար. մի՞թե մենք ունենք իր ոճի մեջ նրանից լավ երգչուհի: Կամ Սիրուշոյից լավ երգչուհի կա՞ իր ոճի մեջ: Հաստա՛տ չկա:
Ամեն դեպքում` դա Սամվել Կարապետյանի անձնական գործն էր և իրավունքը` որոշել, թե ում է նվեր տալիս: Եվ չի կարելի քննադատել բարերարի արած բարեգործությունը: Այնպես են անում, որ մեր երկրից բոլորը երես թեքեն: Այս թշնամանքը պետք է հանել ժողովրդի միջից: Լավ բանը` բարեգործությունն էլ են վատ գնահատում», – ասել է Հայրապետյանը: