Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքում այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, երկրի ղեկավարը ներկա է գտնվել ընկերության հյութերի արտադրության գործարանի բացման արարողությանը, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին:
Ընկերության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում պատմել են, որ ընթացիկ տարում ծրագրում է կոմբինատը կազմակերպել նաև թեյի արտադրություն`վերամշակում և փաթեթավորում: Հիմնական ուղղվածությունը լինելու է թեյի արտադրությունը հայկական ավանդական բուսատեսակներից` ուրց, նանա, մասուր, ալոճ: Նախնական ժամանակացույցի համաձայն, ներդրումային ծրագիրը կավարտվի հոկտեմբերի կեսերին, և նոյեմբեր ամսից կգործարկվի թեյի արտադրամասը: 2013 թվականից «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն ծրագրում է ներդրումներ իրականացնել սեփական այգիների ստեղծման ուղղությամբ: Վերը նշված ներդրումները հնարավորություն կընձեռեն առաջիկա տարիներին ստեղծել մոտ 500 աշխատատեղ:
Այնուհետև Սերժ Սարգսյանն այցելել է «Մաքուր երկաթ» ԲԲԸ: Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել ֆերոմոլիբդենի և մաքուր մոլիբդենի արտադրամասերում, ընկերության ղեկավարության հետ զրուցել «Մաքուր երկաթ»-ի ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում նշվել է, որ այժմ կառուցվում է մոլիբդեն մետաղի գլանման արտադրամաս` թիթեղների ստացման նպատակով:
Երկրի ղեկավարն այցելել է նաև «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ: Նախագահը եղել է ընկերության հիդրոմետալուրգիական և մանրացման արտադրամասերում: Ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը ֆերոմոլիբդենի արտադրությունն է: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Եվրոպա և Ասիա:
Այցի ավարտին Սերժ Սարգսյանը «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում մասնակցել է գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը, որտեղ գործարարները և նրանց միավորող կազմակերպությունների` «Հայրենական ապրանքարտադրողների միության», «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության», «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի» ներկայացուցիչները երկրի ղեկավարին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները:
«Ակնհայտ է, որ գործարար միջավայրի բարելավումը, առկա խնդիրների բացահայտումը և խոչընդոտների դեմ պայքարն առաջին հերթին պետության գործն է: Բայց ապավինել միայն պետությանը` ճիշտ չէ: Մենք պետք է կարողանանք հենվել գործարարների միությունների վրա, այն մարդկանց վրա, ովքեր շահագրգռված են կոնկրետ խնդրի լուծմամբ: Ուզում եմ այստեղ բոլորիդ հայտարարել, որ ցանկացած արտադրություն, որը կհիմնվի հանրապետությունում և կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած, եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին, պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ: Օրինակ, պատրաստ ենք 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը, պատրաստ ենք այլ օժանդակությունների», – գործարարների հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: