Օրլովի շրջանում «Միացյալ քաղաքացիական ճակատի» առաջնորդ Գեորգի Սարգսյանին ապրիլի 5-ին հրավիրել են քննչական վարչություն` ընդդիմադիր գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Վերջինս մեղադրվում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին վիրավորանք հասցնելու մեջ, հաղորդում է kasparov.ru-ն: Ինքը` Սարգսյանը, պատմել է, որ Live Journal-ում իր անձնական բլոգում տեղադրել է ընդդիմության ակցիայի ժամանակ արված մի նկար, որտեղ ցուցարարներից մեկի ձեռքի պաստառին գրված է «Պուտինը պի.…ծ» է:
ԱԴԾ-ի դիմումին կցված է եղել նաև Օրլովի Պետական համալսարանի դեկաններից մեկի` Մարիա Կոստրոմիչևայի եզրակացությունը, համաձայն որի` «պի….ծ» վիրավորական բառ է: Սարգսյանը քննիչին տեղեկացրել է, որ նկարն արդեն վերացվել է բլոգից:
Նշենք, որ ընդդիմադիր ակտիվիստը մեղադրվում է նաև իր բլոգում Օրլովի քաղաքապետին զրպարտելու և նրա հասցեին ոչ պատշաճ արտահայտություններ անելու համար: Քաղաքապետի վերաբերյալ Սարգսյանի դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ վերջինս քաղաքի կենտրոնական շուկայի ձեռներեցների կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ժողովրդի դեմքին փող է նետել: