Home / Հայաստան / Օմբուդսմենը օգնել է պաշտոնյաներին և օլիգարխներին խեղդել մամուլը. ՀԱԿ

Օմբուդսմենը օգնել է պաշտոնյաներին և օլիգարխներին խեղդել մամուլը. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսն անդրադարձել է իշխանական նախկին ու ներկա պաշտոնյաների և օլիգարխների կողմից լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու դեպքերին:

Լրատվամիջոցներին խեղդելու հնարավորությունը վերջիններիս ընձեռվել է ներկայիս Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հեղինակած և ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությամբ, այսօր տարածած հաղորդագրության մեջ գրում է Հայ Ազգային Կոնգրեսը:

««Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Չորրորդ Ինքնիշխանություն» թերթերից հետո այսօր նույնպիսի հարվածի տակ են հայտնվել «Երկիրը», որի դեմ հայց է հարուցել ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը, և «Հրապարակը», որին դատի է տվել Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս, որ լրատվամիջոցներին դատի տալու գործում առաջամարտիկ է, նաև պահանջել է կալանք դնել «Հրապարակի» դրամական միջոցների և գույքի վրա, ինչը և բավարարել է դատարանը։ Կալանք է դրվել նաև «Երկիր» թերթի գույքի վրա:

Մամուլը, անկախ դրա միջոցների քաղաքական և այլ ուղղվածությունից, այն ամենակարևոր հարթակն է, որտեղ իրացվում են մարդու կարևորագույն իրավունքները, որտեղ ձևավորվում է հասարակական կարծիքը, որի անգնահատելի օգնությամբ ձևավորվում է երկրի քաղաքացիական հասարակությունը։ Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած այս խայտառակ արշավանքը։ Ստոր այս մեթոդին ապավինելով՝ նրանք ակամա մատնում են ազատ խոսքի և իրենց գործունեության հանրայնացման նկատմամբ ունեցած վախը, մյուս կողմից՝ ցուցադրում սեփական էության ճղճիմությունը», – ասված է Կոնգրեսի հաղորդագրության մեջ: