Երևանի Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բակում չորեքշաբթի տրակտորով սկսել են փորել բակը: Երբ բնակիչները հարցրել են, թե արդյոք աշխատանքներն իրականացնողները որևէ փաստաթուղթ ունեն, պատասխան են ստացել, որ «այս պահին չունենք»: Բնակիչների պնդումներից հետո դադարեցնել աշխատանքը, նրանք հեռացել են: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել է երեք շենքերի հարցերով զբաղվող բնակիչների ներկայացուցիչ Վարդան Գերավետյանը:
Հիշեցնենք, որ բնակիչները պնդում են, որ շինարարությունը սպառնում է զավթել բակային հանգստի գոտին և վտանգել կից շենքերը սեյսմիկ և քաղաքաշինական տեսանկյունից: Այդ տարածքի բնակիչները պարբերաբար խոչընդոտում են շինարարությունը, որը սկսվել է դեռևս անցյալ տարի:
«Այդտեղ հին կաթսայատուն կար, դրա մոտ մի քիչ փորեցին, հետո այդ հողը լցրեցին կաթսայատան մեջ ու հեռացան», – ասել է Վարդան Գերավետյանը:
Նա նշել է, որ շինարարություն իրականացնող «Լոկալ դիվելոփերս» ընկերությունը Հ2 հեռուստաընկեության սեփականատեր Սամվել Մայրապետյանին է պատկանում, և նրա նպատակն է այդ վայրում բարձրահարկ շենք կառուցել:
«Ամբողջ նպատակն է` Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերի բնակիչների վրա ճնշում գործադրել: Նրանց ոչ բակն է պետք, ոչ էլ մեր շենքը, նրանց պետք է այդտեղ նոր շենք կառուցել»,- ասել է Գերավետյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ դեռևս դեկտեմբերին բակի մյուս հատվածում դարձյալ էլիտար շենքի կառուցման համար աշխատանքներ էին սկսվել: Իրենք դիմել են քաղաքապետին` խնդրելով հարցին լուծում տալ, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Այդ ընթացքում իրենց հետ հանդիպել է միայն Երևանի գլխավոր ճարտարապետը և պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Մեր զրուցակիցը վստահեցրել է, որ իրենք շարունակելու են պայքարել այս խնդրի համար. նախատեսում են բողոքի ակցիա անցկացնել հենց նախագահականի մոտ:
«Քաղաքապետը հայտարարում է, որ այսուհետ քաղաքում ոչ մի շինարարություն չի լինելու: Հիմա ես իրա ասածին հավատա՞մ, թե՞ իմ տեսածին»,- ասել է Գերավետյանը: