«Հրանտ Դինքի գործը» գրքի հեղինակ Քեմալ Գյոքթաշին այսօր Ստամբուլում հանձնվել է Մեթին Գյոքթեփեի անվան մրցանակը, որին լրագրողն արժանացել է «Հրանտ Դինքի գործով եվրոպական դատարանների վերջին որոշումը» հոդվածի համար, որը հրապարակվել էր «Վաթան» թերթի 2010 թվականի օգոստոսի 14-ի համարում:
Մրցանակաբաշխությունը կայացել է Ստամբուլում այսօր` տեղի ժամանակով 18:00-ին: Այս անգամ այն նվիրված էր Հրանտ Դինքի ընկերներ Ահմեդ Շիքին և Նեդիմ Շեներին` «Կարմիր ուրբաթ, Դինքի մատիտը ո՞վ կոտրեց» գրքի հեղինակին: Վերջիններս ձերբակալված են «Էրգենեկոնի» գործի մասին հեղինակած գրքերի պատճառով: Նշենք, որ նախկինում երկուսն էլ արժանացել էին «Մեթին Գյոքթեփե» մրցանակի:
Մրցանակաբաշխությունից առաջ Epress.am-ի հետ զրույցում Քեմալ Գյոքթաշը նշել է, որ չափազանց կարևորում է այն հանգամանքը, որ մրցանակի է արժանացել մի հոդված, որը պատմում է Հրանտ Դինքի սպանության գործում Թուրքիայի կառավարության դիրքորոշման մասին:
«Գյոքթեփեն իսկական լրագրող էր, ով մահացել է ոստիկանների դաժան ծեծի հետևանքով: Նա դարձել է ընդդիմադիր լրագրողի խորհրդանիշ: Գյոքթեփեին սպանած մարդիկ ոստիկանական համազգեստ էին կրում, Հրանտ Դինքին սպանած մարդիկ նման համազգեստ չունեին, սակայն երկու սպանություններն էլ մութ դավադրության հետևանք էին», – մեզ հետ զրույցում ասել է լրագրողը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Հրանտ Դինքի սպանության հետևում կանգնած է երկրի կառավարությունը:
Նշենք, որ Քեմալ Գյոքթաշն աշխատում է թուրքական «Վաթան» թերթում: 2009 թվականին «Հրանտ Դինք հիմնադրամի» կազմակերպած ծրագրի շրջանակներում նա այցելել էր Հայաստան: