Ոստիկաններին այլ ելք չէր մնում, քան չխոչընդոտել ժողովրդի մուտքը Ազատության հրապարակ: Թույլ չտալու այընտրանքն էլ ավելի բազմամարդ հանրահավաքն էր Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների վրա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով էր պայմանավորված այն փաստը, որ ոստիկանները ապրիլի 8-ի հանրահավաքի ժամանակ թույլ տվեցին մարդկանց մուտք գործել Ազատության հրապարակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Հայ Ազգային Կոնգրեսի Մատենդարանում հրավիրված հանրահավաքն ընդհատվեց, որից հետո ընդդիմության համակիրները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Չնայած Երևանի քաղաքապետարանը մինչ այդ մերժել էր ՀԱԿ-ի՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու բոլոր դիմումները, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի և ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանի միջև բանակցություններից հետո ոստիկանները բացեցին մուտքերը և հանրահավաքի մասնակիցները անարգել մտան հրապարակ, որտեղ էլ կայացավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: