Ապրիլի 9-ին և 10-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի հանդիպումները: Տուրը գոլառատ ստացվեց՝ 4 խաղում թիմերը 17 գնդակ խփեցին: Ամենաարդյունավետը տուրի կենտրոնական հանդիպումն էր չեմպիոնի՝ «Փյունիկի» և փոխչեմպիոնի՝ «Բանանցի» միջև: Ուժեղ անձրևի տակ ֆուտբոլիստները մտածում էին միայն հարձակման մասին: Դեռևս առաջին խաղակեսի 2 րոպեին հաշիվը բացեց Դոնեցկի «Մետալուրգից» «Բանանց» վերադարձած Արտակ Դաշյանը: 14 րոպե անց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը հավասարեցրեց հաշիվը, բայց 32-ին «Բանանցը» Բրունո Կորեայի ջանքերով կրկին առաջ անցավ: «Փյունիկն» իր երկրորդ գնդակը խփեց առաջին խաղակեսի ավելացված րոպեին՝ գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հովհաննիսյանը: Երկրորդ խաղակեսում թիմերը շարունակեցին ակտիվ խաղը: «Փյունիկցիներն» ավելի սուր էին գործում գրոհների վերջնամասում՝ 54-րդ րոպեին Արտակ Ալեքսանյանը առաջ մղեց Հայաստանի չեմպիոնին: «Բանանցը», որն այս առաջնությունում առայժմ չի հաղթել, հավասարեցրեց հաշիվը 80-րդ րոպեին (Արսեն Բալաբեկյան), բայց «Փյունիկը» վերջնամասում կորզեց հաղթանակը՝ շնորհիվ Գևորգ Ղազարյանի հարվածի:
Այս տուրից հետո առաջնությունում ձևավորվեց երկու պայմանական քառյակ: «Ուլիսը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, նրանից երկու միավոր հետ են մնում «Միկան» ու «Գանձասարը»: Այս երեք թիմերն առայժմ պարտություն չեն կրել: Մեկ միավոր «Միկային» և «Գանձասարին» զիջում է «Փյունիկը»: Իսկ ահա երկրորդ քառյակի առաջին թիմը՝ «Շիրակը», 3 միավոր հետ է մնում Հայաստանի չեմպիոնից և 6 միավորընթացիկ առաջնության առաջատարից: 3 միավոր է վաստակել «Իմպուլսը», 2՝ «Բանանցը» և մրցաշարային աղյուսակը 1 միավորով եզրափակում է «Արարատը»:
Տուրի արդյունքներ.
Ապրիլի 9
«Միկա»-«Իմպուլս» 3:2 (1:1)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Կոնստանտին Մանդրիչենկո, 14, Նարեկ Բեգլարյան, 62, Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 76 («Միկա»), Աղվան Հայրապետյան, 34, Զավեն Բադոյան, 57 («Իմպուլս»)
«Արարատ»-«Գանձասար» 0:1 (0:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Արման Վարդանյան
Գոլը` Վլադիմիր Մատիչ, 71
Ապրիլի 10
«Բանանց»-«Փյունիկ» 3:4 (2:2)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլերը` Արտակ Դաշյան, 2, Բրունո Կորեա, 32, Արսեն Բալաբեկյան, 80 («Բանանց»), Գևորգ Ղազարյան, 16, 85, Հովհաննես Հովհաննիսյան, 45+1, Արտակ Ալեքսանյան, 54 («Փյունիկ»)
«Շիրակ»-«Ուլիս» 1:3 (1:2)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Կարեն Ն. Խաչատրյան, 42 («Շիրակ»), Գեորգի Կրասովսկի, 28, 36, Վալերի Ալեքսանյան, 59 («Ուլիս»)