Home / Հայաստան / «Հրապարակի» խմբագրին չի ուրախացնում իր թերթի գույքի վրայից կալանքը հանելու որոշումը

«Հրապարակի» խմբագրին չի ուրախացնում իր թերթի գույքի վրայից կալանքը հանելու որոշումը

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հանել «Հրապարակ» օրաթերթի գույքի վրայից կալանքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Հիշեցնենք, որ մարտի վերջին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացնրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի պահանջելով 6 մլն դրամ փոխհատուցում պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար, ինչպես նաև կալանք դնել օրաթերթի գույքի վրա: Հայցի համար հիմք է հանդիսացել օրաթերթի «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին՝ բացատրո՞ւմ» հրապարակումը:

«Մենք միջնորդություն էինք ներկայացրել Երևանի Կենտրոն և Նոր Մարաշ շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան գույքի վրայից կալանքը հանելու համար, և այդ նույն դատարանը, որը կայացրել էր գույքի վրա կալանք դնելու որոշումը, քննելով մեր միջնորդությունը, որոշել է բավարարել այն: Ինձ բացարձակ չի ոգևորում այս փաստը, որ իշխանությունները փորձում են, այսպես կոչված, փոքր բաներով ցույց տալ, որ մամուլի համար ինչ-որ բաներ են անում: Սա ընդամենը զգոնությունը բթացնելու ձև է: Ամենկարևորը վերջնական վճիռն է, որը, ես համոզված եմ, մեր օգտին չի լինելու», – ասել է Օհանյանը: