Ապրիլի 9-ին ՀՀ Երիտասարդական հիմնադրամի շենքում տեղի ունեցավ Dasaran.am կայքի «հոգեբանի անկյուն» առցանց անվճար ծառայության, անգլերենի ուսուցման առցանց խաղերի շնորհանդեսը, ինչպես նաև Երևան քաղաքի 30 դպրոցներում անցկացրած շարադրությունների մրցույթի ամփոփումը:
Այսուհետ Dasaran.am կրթական նախագծի շրջանակներում յուրաքանչյուր ծնող և երեխա կարող են իր հարցերը ուղղել որակավորված հոգեբանին և լոգոպեդին: Նախաձեռնությունը իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի Մանկական Զարգացման Հիմնադրամի հետ համատեղ:
Dasaran.am-ում սկսել է գործել նաև «խաղեր» բաժինը, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է խաղի միջոցով լավացնել անգլերեն լեզվի իմացությունը և բառապաշարը: Այս նախագիծը կյանքի է կոչվել Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Երևան քաղաքի դպրոցների աշակերտների միջև անցկացված շարադրությունների մրցույթի ամփոփումը 3 տարիքային խմբերում` 2-4, 5-8 և 9-12 դասարանների աշակերտների միջև: Հաղթողները ստացան «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տրամադրած 11 նոութբուքեր, ֆոտոխցիկներ, DVD նվագարկիչներ:
Բոլոր մասնակիցները խրախուսվել են Dasaran.am-ի նվերներով և «Նուռ» կուտակային քարտերով, ինչպես նաև Բրիտանական Խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված անգլերենլեզու ուսուցանող գրքերով և սկավառակներով:
Համադպրոցական հաջորդ մրցույթը Dasaran.am-ում կմեկնարկի մայիսի 1-ին: Երեխաները հնարավորություն կունենան ցացնում տեղադրել բանաստեղծություններ, գեղեցիկ քառատողեր, սիրո խոստովանություններ և հետաքրքրաշարժ պատմվածքներ: Այնուհետ Dasaran.am-ի կողմից կհրապարակվի ընտրված լավագույն աշխատանքների ժողովածու: