Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից (ԵՊԼՀ) բացակայությունների համար աշխատանքից ազատված Նարեկ Մարգարյանը կարծում է, որ թեև օրենքով կային իրեն աշխատանքից ազատելու հիմքեր, սակայն իր հանդեպ անարդար են վարվել, քանի որ Բրյուսովում կան դասախոսներ, ովքեր շատ ավելի կոպիտ սխալներ են անում: Այսօր 13:00-ին Նարեկ Մարգարյանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում ակցիա էր հրավիրել, որը կոչվում էր «Զորակցության միջոցառում»:
«Մենք բոլորս հասկանում ենք, որ ես միակ դասախոսը չեմ Բրյուսովում, ով կիսամյակի ընթացքում երեք անգամ ուշացել ա, մենք բոլորս հասկանում ենք, որ շատ-շատ դասախոսներ են ուշացել և շատ խախտումներ են տեղի ունենում, բայց կենտրոնացել են իմ վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախկին դասախոսը:
Նա պատմել է, որ իր` ԵՊԼՀ-ում ուսանած տարրիներին եղել են դասախոսներ, ում նա մի անգամ տեսել է առաջին օրը, մյուսն էլ` ստուգարքների օրը, բայց քանի որ նրանք եղել են այլ դասախոսների տիկնայք, դա չի համարվել կարգի և կանոնի խախտում:
«Եթե սկսենք դասել, ապա պետք է սկզբից հեռացնեն նրանց, ովքեր շատ ավելի կոպիտ խախտումներ են թույլ տալիս, հետո հեռացնել նրանց, ովքեր երկու նախադասություն անսխալ անգլերենով չեն կարող ասել, հետո նոր կհասնեն Մարգարյանին», – ասել է հեռացված դասախոսը:
Մարգարյանը նաև պատմել է, թե ինչ է աշխատանքից ազատելուց հետո իրեն ասել «Լեզվաբանություն և մշակութային հաղորդակցություն» ֆակուլտետի դեկան Հարություն Ճանճապանյանը:
«Իմ գնալուց հետո մեր դեկան Ճանճապանյանը հայտարարեց, որ սկսում ա երկրում կարգ ու կանոն հաստատել: Ես անձամբ կսեղմեի նրա ձեռքը, եթե վստահ լինեի, որ իմ գնալով կարգ ու կանոնը ՀՀ-ում վերջապես հաստատվեց», – ասել է Մարգարյանը:
Epress.am-ի այն հարցին, թե արդյոք Մարգարյանը ցանկություն ունի վերականգնվել բուհում, նա պատասխանել է, որ չի ցանկանում այնտեղ աշխատել.
«Ամենագլխավոր պրոբլեմներից մեկն այն է, որ բացարձակ չի խրախուսվում երիտասարդ դասախոսների ներգրավվածությունը, դասացուցակները կազմվում են 180 աստիճան հակառակ դասախոսի խնդրանքին»:
Նա նշել է, որ իրավական առումով աշխատակազմը սուտ տեղեկատվություն է ներկայացրել ռեկտորին. Մարգարյանի խոսքերով` ինքը 5 րոպե է ուշացել, բայց ներկայացված է 27 րոպե:
Մարգարյանը նշել է, որ, չնայած չի ուզում անպատասխանատու հայտարարություններ անել` կապված իր հեռացման պատճառների հետ, սակայն գտնում է, որ դա կարող է կապված լինել Armcomedy երգիծական նորությունների կայքում իր գործունեության հետ:
Մեր այն հարցին, թե ինչ հաջորդ քայլ է անելու Նարեկ Մարգարյանը, վերջինս ասել է, որ որպես դասախոս այլ քայլեր չունի անելու, բայց կան նախաձեռնություններ, որոնք ցանկանում են կրթական համակարգում առկա խնդիրները բարձրաձայնել, և եթե ինքը հրավեր ստանա քննարկումներին մասնակցելու, կմասնակցի: