Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ պատգամավորների թվով խորհրդարանում երրորդ (72-ը 550-ից) «Ազգայնական շարժում» կուսակցությունը տեսանյութ է տարածել, որում պնդում է, որ ընտրություններին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի դեպքում հայերի և քրդերի նկատմամբ երկակի չափանիշների քաղաքականությունը շարունակվելու է, իսկ Ադրբեջանը «կրկին թիկունքին հարված է ստանալու»:
Ազգայնականները պնդում են, որ իրենց հաղթանակի դեպքում «Ղարաբաղը կազատագրվի, և այնտեղ կրկին ադրբեջանական դրոշը կծածանվի»:
Թուրքական Sonar գործակալության հարցման համաձայն, եթե ընտրությունները կայանային այսօր, ապա «Ազգայնական շարժում» կուսակցությունը կհավաքեր ընտրողների ձայների 13,83 տոկոսը: