Daily mail-ը հրապարակել է 17 շաբաթական երեխայի նկար` մոր արգանդում, որի վրա մանկիկի դեմքին ակնհայտ ժպիտ է երևում:
Երեխայի ծնողները` Սեմն ու Լյուիսան, փաստում են, որ ծնվելուց հետո էլ երեխան շատ հաճախ և երբեմն առանց հատուկ պատճառի է ծիծաղում:
Երբ ծնողները առաջին անգամ տեսել են Լոնդոնի մասնավոր հիվանդանոցներից մեկում արված մանկիկի նկարը, հասկացել են, որ երեխան ժպտում է:
Գինեկոլոգը նշել է, որ իր ողջ մասնագիտական պրակտիկայի ընթացքում չի տեսել, որ երեխայի ժպիտն այդքան ակնհայտորեն ուրվագծվի դեռևս ներարգանդային շրջանի նկարում:
Նշենք, որ Բրիտանիայում հղիության ընդհատում թույլատրվում է իրականացնել մինչև 24 շաբաթ: Բժիշկները մինչ այժմ փաստում էին, որ սաղմը սկսում է զգայունակություն կամ զգացմունքներ ցուցաբերել 28-32 շաբաթների ընթացքում: Փաստորեն այս դեպքն ապացուցում է, որ անգամ սաղմնային շրջանում երեխաները կարողանում են զգալ և ցավը, և ուրախությունը. ինչը կստիպի բժիշկներին և փաստաբաններին նվազեցնել հղիության ընդհատման ժամկետները:
Պրոֆեսոր Սթյուարթ Քամփբելը, ով ստացել էր փոքրիկ Ջոզեֆի ներարգանդային շրջանի նկարը, նշում է, որ սա ամենավաղ ժպիտն է, որ երբևէ գրանցվել է չծնված երեխաների մոտ. «Ես իսկապես կցանկանայի գիտական բացատրություն տալ այս երևույթին, բայց անկեղծորեն չգիտեմ, թե ինչ կարելի է ասել»: