Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը մաս է կազմում այն վարչակարգի, որ գործում է Հայաստանում: Նա ոչ մասնագիտական, ոչ էլ քաղաքական իր գործուներությամբ և դիրքորոշումով աչքի չի ընկնում, շարունակում է այն նույն վարքն ու բարքը, որ կար:
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրը. Epress.am-ի հետ զրույցում ներկա քաղաքապետի գործունեությանն անդրադարձել է նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
«Նա հունվար ամսին սկսեց բացօթյա առևտրի հետ կապված նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել` շատ անհաջող, անհարկի գործողություններ: Փորձեց ամենաթույլ օղակի (նկատի ունի առևտրականներին) միջոցով PR ակցիա անել, թե կարգ ու կանոն են հաստատում քաղաքում»,- ասել է Խաչատրյանը:
Նա նշել է, որ որպես Երևանի բնակիչ նույնպես որևէ փոփոխություն չի նկատել այս 100 օրվա ընթացքում:
Նա շատ տարօրինակ է համարել այն, որ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում:
«Առնվազն զարմանալի է, որ նա նման բան է հայտարարում, երբ նա Հանրապետական կուսակցության մեծամասնական ցուցակով է եկել, իսկ քաղաքապետի պաշտոնն էլ ընտրովի չէ, նրան նշանակել են: Այս ամենը ցույց է տալիս, որ քաղաքապետն իր տեղում չէ»,- ասել է նախկին քաղաքապետը: