Մոսկվայում քրեական գործ է հարուցվել 15-ամյա դպրոցականի նկատմամբ, ով սեփական տանը դանակահարել է իր 4 ընկերներին և համադասարանցի աղջկան: Դպրոցականները ծանր վնասվածքներ են ստացել:
Մեղադրյալին 10 տարվա ազատազրկում է սպասվում, որպես մեղմացուցիչ հանգամանք է համարվում նրա անչափահասության փաստը: Տուժածներին հասցրել են հիվանդանոց, իսկ համադասարանցի աղջիկը կարող է անգամ աչքը կորցնել:
Հետաքննիչների տվյալների համաձայն` կասկածյալն իր մեղքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալուց: Life News-ի փոխանցմամբ` հանցագործը Սերգեյ Հարությունյանն է:
Նախնական վարկածի համաձայն №356 դպրոցի 9-րդ դասարանի 5 աշակերտներ հավաքվել էին Սերգեյի բնակարանում, որտեղ մեծ քանակությամբ ալկոհոլ են օգտագործել: Դեռահասները վիճել են, և տան տերը դանակը ձեռքն է վերցրել:
«Նա, կարծես, խելագարվել էր և դանակով հարձակվել էր բոլորի վրա,-ոստիկաններին պատմել են դպրոցականի ընկերները, – Անգամ Ուլյանայի աչքն է հանել»:
Բժիշկները նշում են, որ հնարավոր չի լինի փրկել աղջկա աչքը:
Վնասելով աղջկան` դպրոցականը հարձակվել է իրենց ընկերուհուն օգնության հասած տղաների վրա:
Սերգեյ Հարությունյանի մոր` Կարինեի խոսքով` երեկույթին մասնակցել են 8 դեռահասներ, որոնք «խնջույք են կազմակերպել պիցայով, օղիով, կոնյակով և մարտինիով»: Օդանավակայանից տուն ժամանելով` կինը սարսափելի պատկերի է ականատես եղել: «Դուք չեք կարող պատկերացնել, ինչ էր այստեղ կատարվում,-ասում է Կարինեն,- նրանք հավանաբար, որոշել էին տոնել արձակուրդների առաջին օրը: Ես եկա, իսկ այստեղ ամեն ինչ արյան մեջ էր թաթախված»:
Մայրը նույնպես չգիտե միջադեպի պատճառը և թե ինչն է ստիպել տղային դանակահարել ընկերներին: «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվել այստեղ, ինչու է տղաս վերցրել դանակը և սկսել բոլորին դանակահարել»,- պարզաբանել է Կարինեն:
Նրա խոսքով` Սերգեյը հանգիստ երեխա է. «Պարզապես վերջին կես տարիների ընթացքում նրա հետ ինչ-որ բան է կատարվում, հավանաբար, անցումային տարիք է»:
«Ես անգամ չգիտեմ, թե ում համար մտահոգվեմ: Եվ իմ երեխայի համար եմ ցավում, և մյուս երեխաների: Սարսափելի է: Չգիտեմ` ինչպես դիմեմ նրանց ծնողներին, չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել»,- պատմել է Սերգեյի մայրը: