ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի հարաբերությունները վերջին օրերին կտրուկ սրվել են, այն աստիճան, որ ՀՀ ոստիկանապետը սկսել է այդ մասին ակնարկել հրապարակայնորեն, գրում է «Հայկական ժամանակը»:
«Անցած հանգստյան օրերին ոստիկանության ղեկավարության և լրագրողների մասնակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված քննարկման ժամանակ Ալիկ Սարգսյանը խոսել է իր ենթականերից մեկի մասին, որը «ասուլիսներում իր իրավասություններին չվերաբերվող հայտարարություններ է անում»: Չնայած նա հրաժարվել է այդ ենթակայի անունն ասել, բայց հարցուփորձերից հետո ակնհայտ է դարձել, որ քննադատությունն ուղղված է Երևանի ոստիկանապետին: Սարգսյանն ասել է, որ իրականությանը չի համապատասխանում մեկ շաբաթ առաջ ասուլիսում Ներսես Նազարյանի հնչեցրած այն պնդումը, թե Ազատության հրապարակի հետ կապված գործողություններում ոստիկանությունը գործել է իր` Երևանի ոստիկանապետի որոշումների հիման վրա: Նազարյանն այդ կերպ ընդգծել էր ոստիկանության համակարգում իր ունեցած դիրքը, ինչն էլ փորձել է հերքել Սարգսյանը` պնդելով, որ նման կարևոր հարցերում որոշումները կայացնում է ինքը»: