Սխալ տպավորություն է, որ երեք տարի անց մարտի 1-ի համար քաղաքական պատասխանատվության հարցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը բարձրացրել է միայն Հայ ազգային կոնգրեսի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը` Ստեփան Սաֆարյանը:
«Պատասխանատվություն կրում ենք բոլորս, բոլոր քաղաքական ուժերը, ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, բոլոր պետական հաստատություններն իրենց անգործության համար», – ասել է Սաֆարյանը, երբ լրագրողները նրան հարց են ուղղել Facebook ցանցում տարածած հայտարարության կապակցությամբ, ըստ որի մարտի 1-ի առավոտյան Ստեփան Սաֆարյանը Լևոն Տեր-Պետրոսյանի տանը հարցրել է վերջինիս, թե ինչ ուղերձ նա կհղի Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվող ժողովրդին, ինչին ի պատասխան, «Ժառանգության» պատգամավորի խոսքով, ընդդիմության առաջնորդը ասել էր` «Այնտեղ իմ ժողովուրդը չի հավաքվել»: Հիշեցնենք, որ այդ հայտարարությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի նախկին ղեկավար Սմբատ Գասպարյանը հերքել էր Սաֆարյանի խոսքերը` նշելով, որ այդ օրը Տեր-Պետրոսյանի և Սաֆարյանի միջև առանձնազրույց չի եղել:
Սաֆարյանի կարծիքով` Գասպարյանի հերքումն իրականում հերքում չէ, որովհետև «դուք տեսած կա՞ք, որ Բարաք Օբամայի թիկնապահը հերքի, որ Օբաման մեկի հետ այս կամ այն բանի մասին խոսել է»:
Բանախոսը նշել է, որ իր հայտարարության նպատակներից մեկն է եղել թույլ չտալ, որ «մարդկանց հիշողությունն այնքան խամրի, որ ասեն Արմեն Մարտիրոսյանին ոչ թե դանակահարել են, այլ պայմանավորված քերծել են կամ «Ժառանգություն» կուսկացությունից այնտեղ մարդ չի եղել»:
Սաֆարյանը, այնուամենայնիվ, նշել է, որ իր գնահատականի նպատակը մեղադրանքը չի եղել, այլ քաղաքական պատասխանատվության հարցի բարձրացումը: