Քիմ Քարդաշյանին զայրացրել է այն փաստը, որ իր նկարներից մեկը հայտնվելու է «Կոսմոպոլիտեն» պարբերականի թուրքական տարբերակի շապիկին և հատկապես այս ամսին, երբ հայերը հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին, հաղորդում է TMZ.com կայքը` հղում կատարելով Քարդաշյանին մոտ աղբյուրներին:
«Քիմը մեզ պատմեց, որ ինքը միջազգային ֆոտոշարք էր արել, որը պետք է հրապարակվեր «Կոսմոպոլիտեն» պարբերականի շապիկին աշխարհի տարբեր երկրներում, բայց նա չգիտեր, որ իր նկարը հայտնվելու է ամսագրի թուրքական տարբերակի վրա»,- պատմել է աղբյուրը:
Իր անձնական բլոգում Քիմ Քարդաշյանը նշում է, որ ինքը չգիտեր, որ հետագայում իր նկարը հայտնվելու է թուրքական խմբագրության ներքո լույս ընծայվող ամսագրի շապիկին, դեռ ավելին` որ այն հրատարակվելու է հենց ապրիլին, երբ ողջ հայ ազգը հիշում է Ցեղասպանության զոհերին:
«Ես միայն այսօր եմ պարզել, որ իմ նկարը թուրքական ամսագրի շապիկին է: Կոսմոպոլիտենը հրատարակվում է աշխարհի տարբեր երկրներում, և երբ ես նկարահանվում էի, գաղափար անգամ չունեի, որ Թուրքիան պատրաստվում է իմ մասին պատմությունը զետեղել ամսագրում հենց ԱՅՍ ամիս: Իմ հայկական ժառանգությունը մեծ արժեք ունի ինձ համար, և ես մեծացել եմ իմ ծնողների հպարտ անցյալի և մշակույթի մասին պատկերացումներով, այնպես որ, ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին հայ-ամերիկուհին, որը հայտնվել է Կոսմոպոլիտենի շապիկին»:
TMZ.com-ը գրում է, որ Քիմը երբևէ հավանություն չէր տա թուրքական տարբերակում իր նկարն օգտագործելու գաղափարին: