Կովկասի տարածաշրջանում Ադրբեջանն ու Ռուսաստանը ամենից շատն են հակված կրկնելու արաբական երկրների իրադարձությունները: Այս մասին newcaucasus.com-ի հետ զրույցում հայտարարել է Գլոբալիզացիայի և սոցիալական շարժումների ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգ, հրապարակախոս Բորիս Կագարլիցկին:
Նրա խոսքով` Ադրբեջանն ավելի մոտ է այն մոդելին, որ մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում: «Այնտեղ իշխանությունը ընտանիքի ձեռքում է, այդ փաստը շատերին է նյարդայնացնում, այդ թվում և վերնախավի մի մասին, որը չի ստանում, ինչպես իրեն է թվում, իշխանության` իրեն հասանելիք օրինական մասը: Եվ, համապատասխանաբար, սրանում են հակասությունները: Այդ իսկ պատճառով, հավանաբար, Ադրբեջանում ավելի շատ շանսեր կան «արաբական սցենարի» կրկնության համար, հատկապես եթե նավթի գների կտրուկ անկում գրանցվի: Եթե նման բան տեղի ունենա, այդ հանգամանքը Ադրբեջանին շատ արագ և ուժեղ հարված կհասցնի:
Իսկ նավթի գների անկման հեռանկարը, իմ կարծիքով, անխուսափելի է, քանի որ պահանջարկի աճ բացարձակապես չկա:
Այս հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը գրեթե նույն խնդիրներն ունեն, նրանք կարող են կտրուկ կերպով լուրջ խնդիրների առաջ կանգնել արդեն այս տարվա երկրորդ կեսին կամ հաջորդ տարվա սկզբին: Ի դեպ, Ռուսաստանի համար դա առավել քան ծիծաղելի կլինի, քանի որ, եթե կանխատեսումը իրականություն դառնա, գոնե մեկ երրորդ մասով, բոլոր խնդիրները առաջ կգան հենց խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին:
Հայաստանի վերաբերյալ փորձագիտական կարծիք չունեմ, ես միայն գիտեմ այն, ինչ գրում են թերթերում: Սակայն կարծում եմ, որ եթե լայնածավալ իրադարձությունների շարք սկսվի, ոչ ոք զերծ չի մնա: Եվ Վրաստանը, և Հայաստանը իրադարձություններից չեն կարողանա զերծ մնալ»,- մասնավորապես, ասել է Կագարլիցկին: