«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանը երեկ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրեական գործով ևս մեկ ցուցմունք տալու համար:
«Ըստ լուրերի, ՀՔԾ-ում տեղի է ունեցել Ներսես Նազարյանի և նույն քրեական գործով պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ Վարազդատ Ադամյանի առերես հարցաքննությունը: ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փաստում են, որ երեկ օրվա առաջին կեսին, այսինքն, ՀՔԾ-ում Ներսես Նազարյանի հարցաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության վարչական շենք է այցելել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկը), որի անունը Թամամյանի գործի հետ կապված շրջանառվում է: Բանն այն է, որ այդ պատմության հիմքում ընկած 2010-ի մայիսին տեղի ունեցած սպանության գործով անցնող անձանցից մեկը Լևոն Սարգսյանի մերձավորներից է»: