Եվրոպայի խորհրդում Դավութողլուի արած ցինիկ մեկնաբանությունը, որին ավելացավ նրա` պատմաբանների հաձնաժողովի մասին «դասախոսությունը»` ի պատասխան Զարուհի Փոստանջյանի հարցին, ևս մեկ վկայությունն էր այն բանի, թե ինչ արժեր Սերժ Սարգսյանի` 2008 թ. նախաձեռնած գործընթացը և որքան սնանկ էին այդ գործընթացը մինչ օրս գովաբանող ՀՀԿ գործիչների, ինչպես նաև իշխանությանը մշտապես և հատկապես ձախորդ գործերում սատարող «քաղաքագետ-թուրքագետների» հիմնավորումները: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ ԱԳՆ մամուլի վարչության նախկին պետ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ ղեկավարի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ երեկ, պատասխանելով Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի գործարկման մասին հարցին, Դավութօղլուն երկու անգամ Հայաստանի գործողություններն անվանել է «սադրիչ»: Սա ասվել էր ի պատասխան Սերժ Սարգսյանի` Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը լինելու պատրաստակամության մասին հայտարարության:
«Մեր հասարակությունը չպետք է մոռանա այն «վայ-վերլուծաբանների» անունները, որոնք, այս իշխանության հետ միասին, լրջորեն հարվածեցին Հայաստանի միջազգային վարկին: Նրանք շատ ավելի մեծ պատասխանատվություն ունեն այս հարցում, քան բացառապես ներքաղաքական նպատակահարմարությամբ առաջնորդվող ՀՀԿ-ականները:
Ի սկբանե սխալ ընթացք ստացած հայ-թուրքական գործընթացն ու ստորագրված Արձանագրությունները փառաբանում էին Իսկանդարյանը, Բեքարյանը, Մինասյանը, Մարկարովը, թուրքագետներ Սաֆրաստյանը, Մելքոնյանը, Շաքարյանը, Դեմոյանը, գործընթացի գովազդմանը հանրապետությունով մեկ լծվեց Թ. Պողոսյանը: Այս մարդիկ չէին իջնում էկրաններից` գովասանքի խոսքեր շռայլելով Սերժ Սարգսյանին: Այսօր նրանք բոլորը պատասխանատվություն են կրում այս իրավիճակի և դրա արդյուքը հանդիսացող Դավութողլուի նման սանձարձակ կեցվածքի համար: Նրանցից ոչ-մեկի ձայնը այսօր չի լսվում. նրանք ոչ միայն չեն խոստովանում սեփական սխալը, այլև, չունենալով հրահանգ` չեն կարող ինքնուրույն նույնիսկ հակադարձել Թուրքիայի ԱԳ նախարարին» – ասել է Վլադիմիր Կարապետյանն ու հույս հայտնել, որ «այս անգամ գոնե ՀՀ ԱԳՆ անպատասխան չի թողնի Հայաստանի նկատմամբ նման նվաստացուցիչ որակման բառապաշարի օգտագործումը թուրք ԱԳ նախարարի կողմից, և նա կստանա արժանի պատասխան»:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` լինել Երևան-Ստեփանակերտ թռիչքի առաջին ուղևորը, արտացոլում է Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: