«Հայ-թուրքական սահմանի բացման հարցը առանձին հարց է: Ինչ վերաբերում է Թուրքիայում հայ բնակչության իրավունքների պաշտպանությանը, դա մեր հիմնական պարտավորվածությունն է, և մենք հավատարիմ ենք այդ պարտավորվածությանը», ԵԽԽՎ-ում իր ելույթից հետո պատասխանելով հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանի հարցին` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Միևնույն ժամանակ, Էրդողանը հերթական անգամ նշել է, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի շահերը:
«Անկեղծ ասած, մենք պետք է լուծենք այդ խնդիրը: Մենք պատրաստ ենք բացել սահմանները: Մեր ելույթներում մենք մշտապես կոչ ենք արել ԵԱՀԿ Մինսկի խմբին օբյեկտիվություն դրսևորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը պետք է ավելացնեն ջանքերը հակամարտության կարգավորման հարցում: Երբ նրանք գտնեն խնդրի լուծման ճանապարհը, մենք էլ կգտնենք Հայաստանի հետ սահմանի խնդրի լուծումը: Սակայն եթե նրանք չկատարեն իրենց պարտավորվածությունները, ամեն ինչ կբարդանա»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը: