Թե ցարական Ռուսաստանում, թե ԽՍՀՄ տարիներին, թե անկախ Վրաստանի կառավարության օրոք այս Վրաստանում ադրբեջանական համայնքի կյանքը հեշտ չի եղել: Այս մասին Day.az-ի հետ զրույցում հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը:
Նրա խոսքով` Թբիլիսին ադրբեջանցիների նկատմամբ խտրականության քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականությունը մշտապես աջակցություն է ստացել անկախ Վրաստանի բոլոր առաջնորդների` Զվիադ Գամսախուրդիայի, Էդուարդ Շևարդնաձեի և գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից:
«Վրաստանում ադրբեջանական համայնքի նկատմամբ խտրականության դրսևորման գործընթացը չի դադարել, ընդամենը դարձել է ոչ այնքան ակնհայտ»,- նշել է նա:
Օրուջն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն հնարավորություն ունի օգնություն ցուցաբերել Վրաստանում բնակվող ադրբեջանական սփյուռքին, սակայն, դա վրացական իշխանությունների խնդիրն է: «Իրենց քաղաքացիների ամենօրյա հոգածությունը և բոլոր խնդիրների լուծումն ապահովելը, անկախ ազգային պատկանելությունից, համարվում է Վրաստանի ղեկավարության առաջնային պարտականությունը: Ցավոք սրտի, մենք դեռևս չենք կարող ասել, որ նման հոգածություն է նկատվում»:
Պատգամավորը նաև քննադատել է այս հարցում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռությունը: Նրա կարծիքով` նրանց անգործությունը կապված է միջազգային հանրությանը Վրաստանին որպես Կովկասում «ժողովրդավարության կղզյակ» ներկայացնելու ցանկության հետ: