2010 թվականի ընթացքում Վրաստանի սևծովյան հանգստավայրեր են այցելել ավելի քան 50 հազար զբոսաշրջիկներ, որոնք ժամանել են Վրաստան գնացքներով: Վրացական և հայկական երկաթուղիների կանխատեսմամբ, Հայաստանի զբոսաշրջիկների հոսքը դեպի Վրաստան ընթացիկ տարում կավելանա 3 անգամ, գրում է Business Грузия:
Այդ իսկ պատճառով, հանգստյան սեզոնի բացման սկզբին երկու երկաթուղիներն էլ պատրաստ կլինեն ապահովելու մեծ քանակությամբ զբոսաշրջիկների փոխադրումը: Համապատասխանաբար, Երևան-Բաթումի-Երևան երթուղով 201/202 համարի արագընթաց գնացք կաշխատի, որը կգործի ամեն օր 2011-ի հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
Հուլիսի 15-ից մինչ օգոստոսի 25-ը նախատեսվում է ուղևորների փոխադրում իրականացնել նաև Երևան-Բաթումի-Երևան 402/401 համարի գնացքով, որը կաշխատի շաբաթական երկու անգամ (երեքշաբթի, ուրբաթ):
Մինչ մայիսի 15-ը նախատեսվում է երկու երկրների մաքսային և սահմանային ծառայությունների ներկայացուցիչների հանդիպում անցկացնել փոխադրման հարցերի քննարկման համար: