Հունիսի 15-ին բացվող ամառային սեզոնի ընթացքում Երևանում-Բաթումի-Երևան արագընթաց գնացքի տոմսերի թանկացում չի սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը:
«Գնային քաղաքականությունը մշակելիս` մենք հաշվի ենք առել մարդկանց վճարունակությունը և սեզոնային պահանջարկը: Երևան-Բաթումի-Երևան արագընթաց գնացքի տոմսերի սակագները 2010 թվականի համեմատությամբ չեն փոխվի», – Շայդուլինի խոսքերն է փոխանցում azatutyun.am կայքը:
Փոխարժեքի այսօրվա կուրսով հատուկ վագոնում («CB») տոմսերը կարժենան 24 հազար դրամ, կուպեավոր վագոնում` 11 հազար 700 դրամ, ընդհանուր վագոնում («պլացկարտ»)` 7 հազար 500 դրամ:
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն ամառային սեզոնը այս տարի ավելի վաղ կսկսի. հունիսի 15-ին առաջին գնացքը կուղևորվի ծովափնյա Բաթումի: Ֆիրմային կոչվող գնացքը Երևանից կշարժվի ամեն օր` 17 ժամում հասնելով Աջարիայի մայրաքաղաք:
Ֆիրմային գնացքից բացի, շաբաթական երկու անգամ Բաթումի կմեկնի «սոցիալական» պայմանական անվանումը կրող գնացքը, որի տոմսերը 10-15 տոկոսով ավելի էժան կլինեն:
Շևքեթ Շայդուլինը խոստացել է, որ այս տարի չեն լինի տոմսերի կրկնակի վաճառքի դեպքեր, քանի որ («Վրացական երկաթուղիներ»-ի հետ համատեղ) ներդրվել է տոմսերի վաճառքի էքսպես համակարգը. «Դա կլինի եվրոպական նմուշի տոմս, որը հնարավոր կլինի նախապես պատվիրել: Բայց ամենակարևորը` վերանալու է մարդկային գործոնը, որ անցած տարի կար»: