ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչների շրջանում ծայր առած դժգոհությունները սպառնում են վերաճել լայնամասշտաբ բողոքի ալիքի, որի արդյունքում ոստիկանությունը կարող է մնալ առանց քննիչների, քանի որ նրանց մեծ մասը սպառնում է ազատման դիմում գրել և աշխատանքից դուրս գալ գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Ինչպես հայտնի է, քննիչների դժգոհության ալիքի բարձրացման պատճառը եղել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Վահան Խանզադյանին ապրիլի 11-ին կալանավորելու փաստը: Քննիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ ոստիկանության ղեկավարությունը որոշել է «պլանը» կատարելու համար որպես քավության նոխազ օգտագործել քննիչին: Խանզադյանը մեղադրվում է դեռևս 2009-ին Գավառում երեք հոգու դեմ մահափորձ կատարելու փաստի առիթով հարուցված քրեական գործի ընթացքը սխալ տանելու, հանցագործներին չբացահայտելու ու քրեական գործը կասեցնելու մեջ: Սակայն, մեր տեղեկություններով, քրեական գործի մանրամասներին ծանոթ նրա գործընկերները վստահ են, որ տեղի ունեցածի համար Խանզադյանը մեղավոր չէ, քանի որ նա պատշաճ կատարել է իրեն վերապահված գործառույթները: Քննիչները համոզված են, որ հանցագործների պարտակման խնդիրը լուծվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում: Տեղի ունեցածից հետո քննիչները հասկացել են, որ նույն հաջողությամբ իրենցից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Խանզադյանի տեղում: Ոչ ոք չի կարող ասել, թե քննիչներից ով կլինի քավության նոխազը, եթե ասենք Սերժ Սարգսյանը մի օր որոշի կրկին գնալ ոստիկանություն և այդ համակարգի ղեկավարներից որևէ մեկին անվանի անբարոյական: Մեր տեղեկություններով, որպեսզի ՀՀ ոստիկանության ղեկավարությունը գիտակցի ստեղծված վիճակի լրջությունը, քննիչները երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքում ցուցադրական ազատման դիմումներ են գրել, բայց մուտք չեն արել` սպասելով իրենց ղեկավարության արձագանքին: Բայց երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը մտադիր չէ «նահանջել»` նա ընտրել է քննիչներին սաստել հակընդդեմ սպառնալիքներով: Արդյունքում քննիչները կազմկոմիտեի պես ինչ-որ մարմին են ստեղծել, որպեսզի գործեն համախմբված: Եթե խնդիրը ինչ-որ կերպ չլուծվի, ապա բացառված չէ, որ հարյուրից ավելի քննիչներ միաժամանակ ազատման դիմում ներկայացնեն, որից հետո ՀՀ ոստիկանությունը կարող է մնալ առանց քննիչների»: