Այսօր «Արթիկ» ՔԿՀ-ում քննվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Կոշ» ՔԿՀ-ի: Փաշինյանը վարչական դատարանից պահանջել է չեղյալ համարել «Կոշ» ՔԿՀ պետի 2010 թվականի սեպտեմբերի 28-ին կայացրած` իրեն կարգապահապան տույժի ենթարկելու մասին որոշումը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որ տվյալ գործում ներգրավվի նաև իր փաստաբանը:
ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը բավարարել է Փաշինյանի միջնորդությունը` նշելով, որ հաջորդ դատական նիստի մասին կողմերին լրացուցիչ կտեղեկացվի:
Մինչ որոշումը կայացնելը դատավորը արգելել է լրագրողներին լուսանկարել և տեսանկարել դատական նիստը: Խնդրի հետ կապված Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել դատավորին թույլ տալ լրագրողներին լուսանկարել և նկարահանել` նշելով, որ դատավորը սահմանափակում է դատավարության հրապարակային լինելը:
Այնուամենայնիվ, դատավորը մերժել է քաղբանտարկյալի միջնորդությունը, և լրագրողներին թույլատրվել է միայն ձայնագրել դատական նիստի ընթացքը:
Ինչպես Epress.am-ին տեղեկացրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանը, այսօր մինչ դատական նիստը Նիկոլ Փաշինյանին նույնպես հնարավորություն չի ընձեռվել շփվել լրագրողների հետ:
«Այսօր մեզ ուշ թողեցին մուտք գործել դահլիճ: Եվ երբ մտանք, տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը և դատավորը արդեն այնտեղ են: Ներս մտնելուն պես դատը սկսվեց: Դա որակում եմ մանր ժուլիկություն, որն արեցին, որպեսզի Նիկոլին զրկեն լրագրողների հետ շփվելու հնարավորությունից և որևէ հայտարարությամբ հանդես գալուց»,- ասել է Վահագն Հովակիմյանը: