Այսօր Հայաստանում Չինաստանի դեսպանատան առջև կայացել է ակցիա` ի զորակցություն չինացի արվեստագետ Այ Վեյվեյի, ում մեղադրում են գրագողության և տնտեսական հանցագործություններ իրականացնելու մեջ:
Ակցիային մասնակցում էին արվեստի քննադատների միության նախագահ Նազարեթ Կարոյանը, արվեստագետներ Կարեն Անդրեասյանը, Արթուր Պետրոսյանը, Թագուհի Թորոսյանը և մի քանի այլ քաղաքացիներ:
Նազարեթ Կարոյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ Չինաստանի իշխանությունները, կալանավորելով Այ ՎեյՎեյին, իրենց ոգին են կալանավորում, իսկ Չինաստանը կալանավորված ոգով չի կարողանա իր առաջընթացը շարունակել:
«Երբ իշխանությունը բիրտանում է այնքան, կարծրանում է այնքան, որ սկսում է չգիտակցել իր իսկ շահը, իր քայլը լինում է իռացիոնալ, ինչպիսին է ձերբակալել իր տաղանդավոր արվեստագետին», – ասել է Կարոյանը:
Նա կարևորել է նման ակցիաները Հայաստանում, իսկ մարդկանց թվի սակավությունը բացատրել նրանով, որ մեր հասարակությունը ելնում է ավանդական հիմքերից ու իներցիաներից.
«Այսինքն` մեզ ինչ, Այ Վեյվեյը մեզ ինչ, իսկ սա ցույց է տալիս մեր հասարակական մթնոլորտի ոչ ազատ, ոչ ստեղծագործական, ինչ-որ տեղ քաղքենիական ոգու արտահայտություն»,- ասել է Կարոյանը:
Կարեն Անդրեասյանի խոսքով` մարդկանց ոչ մեծ թվով ներգրավվածությունը նման ոչ տեղական ակցիաներին բացատրվում է նրանով, որ խնդիրը ներսի-դրսի մեջ է. «Մեզ մոտ վեկտորն ավելի դեպի ներս է ուղղված, սակայն շատ կարևոր է ներսի ու դրսի շրջանառությունը»:
Անդրեասյանը նշել է, որ սա չի վկայում մեր հասարակության քաղքենիության մասին:
«Սա ուղղակի անտեղյակության, արժեքների շրջանառության խնդիր է: Քանի որ քաղաքացին ավելի շատ ներսի խնդիրների մեջ է, դրա համար այստեղ` նման ակցիային այսքան քիչ մարդ է մասնակցում»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ արվեստագետ, ճարտարապետ, այլախոհ Այ Վեյվեյն ապրիլի 3-ից գտնվում է ազատազրկման մեջ: Չինաստանի իշխանությունները նրան մեղադրում են տնտեսական հանցագործություններ իրականացնելու մեջ: Միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ, մասնավորապես, Amnesty International-ը, հանդես են եկել հայտարարություններով, որոնցում նշում են, որ Այ Վեյվեյի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում, քանի որ նա տարիներ շարունակ օգտագործում է իր արվեստը՝ բացահայտելու կառավարության կողմից այլախոհների շարունակական ճնշումներն ու խոշտանգումները: