Հայ Ազգային Կոնգրեսի անդամ, «Առցանց ազատականների ալյանսի» նախաձեռնող Կարապետ Ռուբինյանը որոշում է կայացրել հեռանալ Կոնգրեսից: Այս մասին Ռուբինյանը, ով ՀԱԿ-ի կազմում էր ստեղծման առաջին իսկ օրերից, տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում տեղադրած հայտարարության միջոցով:
Հայտարարության մեջ ասված է.
«Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլևս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը: Կոնգրեսից իմ դուրս գալու հանգամանքը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ անկեղծ հիացմունքը` հանուն ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության երկարամյա պայքարի իմ ընկերների վճռականության ու նվիրվածության հանդեպ: Եվ, ինչ խոսք, ասվածը առաջին հերթին վերաբերում է իրենց համոզմունքների համար բանտերում հայտնված մեր ընկերներին: Չի նվազեցնում նաև իմ վճռականությունը` նույնպիսի նվիրումով, որպես Հայաստանի շարքային քաղաքացի, շարունակելու այդ պայքարը:
Հայաստանում ձևավորված ներկայիս մարդատյաց, հակաազգային, հանցավոր ռեժիմը հանդուրժելը հանցագործություն է մեր երկրի ու սերունդների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ, որը չի հաշտվում այս ռեժիմի հետ ու պայքարում է, իմ դաշնակիցն ու պայքարի ընկերն է:
Ազատություն քաղբանտարկյալներին: Կորչի երկիրը կործանող քրեաօլիգարխիկ ռեժիմը»: