Երեկ Ստրասբուրգում տեղի է ունեցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ժամանակ լսվել է Հայաստանի հարցը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Ինչպես փոխանցում են ԵԽԽՎ-ում օրաթերթի աղբյուրները, հարցի քննարկումը սովորականից ավելի երկար է տևել` 35-40 րոպե:
«Նույն աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը քննարկմանը ներկա չի եղել: Փոխարենը նիստին ներկա է եղել ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որը շատ կտրուկ և կոնկրետ հարցադրումներ է արել, մասնավորապես` «Անհրաժեշտ է գտնել, թե ով է կրակել մարտի 1-ին, բացահայտել ղեկավարներին կամ այն հրահանգիչների դերը, ովքեր հրաման են տվել կրակել մարտի 1-ին», «Համաներում եղել է, բայց դեռ մարդիկ կան բանտերում, գործընթացը կաղում է» և այլն: Հանձնակատարն ասել է նաև, որ իր զեկույցն արդեն ուղարկել է ՀՀ կառավարությանը և սպասում է արձագանքի: Համմարբերգի զեկույցը, ինչպես փոխանցում են ԵԽԽՎ մեր աղբյուրները, հրապարակվելու է մայիսի 2-ին»: