Հայաստանում բանանի և հատիկավոր սուրճի շուկաներում նկատված գնային փոփոխությունների առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերոնշյալ շուկաներում ուսումնասիրություն է սկսում:
Հանձնաժողովի պահանջով այս դաշտում գործող առավել խոշոր տնտեսվարողները 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն տեղեկատվություն՝ ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատված գնային փոփոխություների վերաբեյալ:
Հանձնաժողովի մոնիտոինգի խումբը արձանագրել է, որ մանրածախ առևտրի կետերում մարտ ամսին 1 կիլոգրամ բանանի գինը հասել է մինչև 1120 դրամի, այն դեպքում, երբ այս ապրանքատեսակը հունվարին վաճառվել է միջինը 840 դրամով: Ինչ վերաբերում է հատիկավոր սուրճին, ապա Հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ, սուրճի միջազգային գինը բարձրացել է, և ուսումնասիրությունները կպարզեն, թե որքանով է տեղական շուկայի գնաճը համահունչ միջազգային թանկացումներին:
Հանձնաժողովի նախորդ ուսումնասիրությունների համաձայն, բանանի շուկայում գերիշխող դիրք ունի «Քեթրին գրուպ» ընկերությունը՝ 51% մասնաբաժնով, իսկ հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող է «Կաֆե դու բրազիլ» ընկերությունը, որը իրացման ծավալներով գրավում է շուկայի 35,2 %: