Ապրիլի 24-28-ը Իրանում կանցկացվի Քիշի առաջին միջազգային կինոփառատոնը: Ազատ առևտրի գոտում կազմակերպող փառատոնը նպատակ ունի վերականգնել իրանական կինոյի և փառատոնների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվելու են վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, որոնց մեջ են մտել նաև Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում, տեղեկացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի լրատվական ծառայությունը:
Բացի ֆիլմերի ռեժիսորից, Իրան են հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը և կինոգետ Դավիդ Մուրադյանը:
Քիշի փառատոնի հիմնադիրները նշում են, որ փառատոնի առանցքում լինելու են տարածաշրջանում առկա կրոնական ու մշակութային փոխհարաբերությունները, սոցիալ տնտեսական խնդիրները, Իրանի ու տարածաշրջանի ժողովուրդների դերը համաշխարհային պատմության ու ներկայիս քաղաքական զարգացումների մեջ, իսլամական Իրանի խնդիրները, Պարսից ծոցի ու Կասպից ծովի դերը և այլն: