Վարորդական իրավունքից զրկված Կրասնոյարսկի շրջանի բնակիչը ապրիլի 15-ին ինքնահրկիզում է իրականացրել դատարանի շենքում, հաղորդում է «РИА Новости»-ն` վկայակոչելով շրջանային դատախազության ներկայացուցիչներին: ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն` ինքնահրկիզման հետևանքով առաջացած հրդեհի պատճառով երկու մարդ է մահացել, ևս երեքը վիրավորվել են:
Ապրիլի 15-ի առավոտյան տղամարդը եկել է դատարանի շենքի մոտ «Վոլգա» մեքենայով, բարձրացել է երկհարկանի փայտե շինության երկրորդ հարկ, վառելանյութ է լցրել իր վրա և հրկիզել ինքն իրեն:
Հայտնի չէ, թե որն է եղել մահացածի գործողությունների դրդապատճառը: Դատախազության ներկայացուցիչների խոսքով` ուրբաթ շրջանային դատախազությունը պետք է վերանայեր նրան վարորդական իրավունքից զրկած դատավորի վճռի բողոքարկումը: Դատախազությունը միջադեպի առնչությամբ ստուգումներ է իրականացնում: