Ապրիլի 16-ին և 17-ին կայացած Հայաստանի առաջնության 5-րդ տուրի հանդիպումներում բավական քիչ թվով խփած գնդակներ գրանցվեցին: Նախորդ տուրի 17 գոլերի դիմաց այս անգամ 4 խաղում ընդամենը 6 գնդակ խփվեց: 4 հանդիպումներից երեքն անցան լարված պայքարում և ավարտվեցին 1:0 հաշվով: «Գանձասարն» այդ հաշվով Կապանում կարևոր հաղթանակ տարավ «Միկայի» նկատմամբ և 11 միավորով ամրապնդվեց 2-րդ տեղում: Ընդհանրապես «Գանձասարն» այս տարի առայժմ հաճելիորեն զարմացնում է իր երկրպագուներին` վստահ ելույթ ունենալով Հայաստանի առաջնությունում: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնությունում «Գանձասարը» 5 տուրից հետո վաստակել էր 3 միավոր և գտնվում էր նախավերջին տեղում:
Այս առաջնության առաջատարը` «Ուլիսը», 3:0 հաշվով պարտության մատնեց հետնապահին` «Արարատին», և 13 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
«Փյունիկը» սեփական հարկի տակ պարտության մատնեց Գյումրիի «Շիրակին» և, օգտվելով «Միկայի» սայթաքումից, 10 միավորով ամրապնդվեց 3-րդ տեղում:
Տուրի ևս մեկ խաղում Դիլիջանի «Իմպուլսը» հաղթեց փոխչեմպիոն «Բանանցին»: «Իմպուլսն» այժմ 6 միավորով 5-րդ տեղն է զբաղեցնում և 4-րդ տեղում գտնվող «Միկային» զիջում է 2 միավոր, իսկ ահա «Բանանցը» ձախողել է մեկնարկը և 2 միավորով գտնվում է նախավերջին` 7-րդ տեղում:
Արդյունքներ.
Ապրիլ 16
«Գանձասար»-«Միկա» 1:0 (1:0)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլը` Վիրգին Մարշավելա, 5
«Իմպուլս»-«Բանանց» 1:0 (1:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Սուրեն Բալիյան
Գոլը` Արթուր Պետրոսյան, 22
Ապրիլ 17
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
«Փյունիկ»-«Շիրակ» 1:0
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլը` Էդգար Մանուչարյան, 17
«Ուլիս»-«Արարատ» 3:0 (1:0)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Դավիթ Գրիգորյան, 31, Արտակ Գրիգորյան, 48, Գևորգ Նռանյան, 76