Ֆրանսիան դադարեցրել է հարևան Իտալիայից ժամանող բոլոր ուղևորատար գնացքների ընդունումը` խուսափելով Թունիսից, Լիբիայից և Եգիպտոսից գաղթականների հոսքից, որոնք ժամանում են Իտալիայի իշխանությունների կողմից տրամադրված վիզաներով, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ գնացքային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է «անվտանգության նկատառումներով», քանի որ իտալական Վենտիմիլիա քաղաքում բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակցում են փախստականներին աջակցող ֆրանսիացի և իտալացի ակտիվիստներ:
«Այս գործողություններն ապօրինի են և խախտում են Եվրամիության հիմնարար սկզբունքները»,- հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Ռոբերտո Մարոնին:
Ավելի վաղ իտալական իշխանությունները սկսել էին Հյուսիսային Աֆրիկայից երկիր ժամանած փախստականներին ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրել, որը միաժամանակ թույլ է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան տարածքում: Ֆրանսիան և Գերմանիան դեմ են հանդես եկել այս գաղափարին: