Հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները Կարսում կավարտվեն մինչև ապրիլի 24-ը: Աշխատանքներն արդեն մեկնարկել են, ինչը դժգոհություն է առաջացրել քաղաքում:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet-ը, ապամոնտաժման աշխատանքների ընթացքում մի խումբ ուսանողներ և դպրոցականներ քարեր են նետել բանվորների վրա: Ոստիկանությունը միջամտել է և ցրել է դժգոհողներին:
Նշենք, որ հուշարձանը կբաժանեն մասերի և կտեղափոխեն այդ տարածքից:
«Եթե քանդակի հեղինակ Մեհմեդ Աքսոյը ցանկանում է վերադարձնել հուշարձանի հատվածները, մենք կտանք նրան այդ հնարավորությունը», – ասել է Կարսի քաղաքապետ Նևզաթ Բոզքուշը:
Հուշարձանի ապամոնտաժման աշխատանքների համար մարտի 7-ին հայտարարված տենդերի հաղթող է ճանաչվել «Ավչին Ինշաաթ» թուրքական շինարարական ընկերությունը:
Քաղաքապետարանը համաձայնել էր 350 հազար լիրա վճարել Մեհմեդ Աքսոյին, սակայն քանդակագործի խոսքով` իրեն ընդամենը 120 հազար լիրա են վճարել, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ հուշարձանի ապամոնտաժման մասին որոշումը կայացվել էր դեռևս փետրվարին: Նման նախաձեռնությամբ էր հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցելության ժամանակ` հուշարձանը «հրեշավոր» անվանելով: