Շվեդիայի ազգային առաջին հեռուստաալիքի լրագրողներ Մայ Ռոդերստրիտը, Շարլոտա Ուիքստրյոմը և Չարլի Լատրավոտը ձերբակալվել են կիրակի`ապրիլի 17-ին «Սախիլ» այգում, երբ հետևում էին Բաքվում անցկացվող բողոքի ակցիային:
Նրանց մեկ օրից ավել պահել են միգրացիոն ծառայությունում և հայտարարել, որ արտաքսում են լրագրողներին «վիզային ռեժիմի խախտման» պատճառով: Միաժամանակ պաշտոնական գրավոր փաստաթղթեր նրանց չեն ներկայացվել:
«Մեզ հայտարարեցին, որ պետք է արտաքսեն Բաքվից, որ մեզ օդանավակայան կտանեն և Բաքու –Ստամբուլ 18:00-ի չվերթով կուղարկեն երկրից,»,- այս մասին Turan գործակալությանը հայտնել է շվեդ լրագրողներից մեկը` Մայ Ռոդերստրիտը:
Երեք լրագրողները Բաքու էին ժամանել շվեդական ազգային առաջին հեռուստաալիքի համար փաստագրական ֆիլմ նկարահանելու նպատակով:
«Մենք Բաքու էինք ժամանել ուրբաթ «Ազատություն» ռադիոկայանի հրավերով և պատրաստվում էինք Ադրբեջանում մարդու իրավունքների մասին ֆիլմ նկարահանել: Ուղևորությունից առաջ ես դիմել էին Ներքին Գործերի և Արտաքին Գործերի նախարարություններ, պաշտոնատար անձանցից ֆիլմի համար հարցազրույցներ ստանալու նպատակով»,- նշել է լրագրողը:
Նրա խոսքով`Միգրացիոն ծառայությունում իրենց պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: Բոլոր խնդիրները ներկայացվել են բանավոր կերպով և առանց հստակ փաստերի: «Դուք խախտել եք վիզային ռեժիմն ու վերջ», – ասել են լրագրողներին:
Նշենք, որ Նորվեգիայի դեսպանատունը, որը միաժամանակ Շվեդիայի շահերն է ներկայացնում Ադրբեջանում, մինչև այժմ պաշտոնական բացատրություն չի ստացել երեք շվեդ լրագրողների արտաքսման պատճառների վերաբերյալ: