ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի բնակիչը ամուսնության առաջարկ է արել իր սիրած աղջկան խաչբառի միջոցով, որը նա հատուկ պատվիրել է գլուխկոտրուկների մասնագետի մոտ, հաղորդում է The Washington Post-ը:
28-ամյա Կորի Նյումանը պատմել է պարբերականին, որ ցանկանում էր իր 31-ամյա ընկերուհի Մարլոու Էպշտեյնի ձեռքը խնդրել հիշվող և անսովոր ձևով, և քանի որ նա սիրում է խաչբառ լուծել, Նյումանը որոշել է դիմել մասնագետի օգնությանը: Նյումանի պատվերով «ամուսնական» խաչբառով համարը հրապարակվել է մի քանի օր առաջ:
Խաչբառում քողարկված բառերն էին «Մարլոու» (հարցը ձևակերպված էր որպես ««Սիրահարված Շեքսպիր» ֆիլմի կերպար», և պատասխանը ենթադրում էր անգլիացի պոետ Քրիստոֆեր Մարլոուին) և «Էպշտեյն» («Կասաբլանկա» ֆիլմի սցենարի հեղինակը): Այս բառերի ստորին հատվածում տեղակայված է եղել «Դու կամուսնանա՞ս ինձ հետ» արտահայտությունը, որը Մարլոու Էպշտեյնը գուշակել է հետևյալ հարցին պատասխանելով ` «Ո՞ր խոսքերն են անբաժան մատանուց»:
Ուշադրություն դարձնելով ստացված խաչբառին` Էպշտեյնը հասկացել է, որ այդ խոսքերը հենց իրեն են ուղղված: Սիրահարված ամերիկացու ընկերուհին համաձայնությամբ է պատասխանել օրիգինալ ամուսնության առաջարկին: