Երեկ BBC-ին տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած պատասխանը Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման մասին չի տարբերվում Մադրիդյան սկզբունքերից, որոնք քննարկվում են այսօր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե երբ էին Հայաստանն ու Ադրբեջանն առավել մոտ խաղաղ համաձայնությանը, ասել էր.
«Կարծում եմ` 1997 թվականին: Փոխանցել որոշ տարածքներ Ադրբեջանին, հրադադար սահմանել, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ և այնուհետև արդեն լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:
«Ղարաբաղի հարցում մենք կանգնած ենք ելման կետին վերադառնալու վտանգի առջև: Երեք նախագահությունների օրոք էլ կարգավորման տարբերակները միմյանցից չեն տարբերվում», – ասել է Սաֆարյանը:
Նրա խոսքով` Ղարաբաղյան հարցում անհրաժեշտ է խաղի կանոնների փոփոխություն:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեռևս նախորդ տարվա վերջին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծ էր ներկայացրել ԱԺ, սակայն օրինագիծը մերժվեց, քանի որ պատգամավորների մեծամասնությունը հրաժարվեց սատարել այն:
Օրինագծին կողմ էին քվեարկել միայն «Ժառանգության» և «Դաշնակցության» 13 ներկայացուցիչներ: Կոալիցիոն քաղաքական ուժերը քվեարկությանը չէին մասնակցել: