Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի և նրա ռուսաստանյան գործընկեր Ռաշիդ Նուրգալիևի Հայաստանի մայրաքաղաքում կայացած հանդիպումը «երևանյան դավադրություն» է անվանել և այդ հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ է պահանջում:
Երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության քաղաքական քարտուղար Գեորգի Գուգաևը հայտարարել է, որ նախարարների հանդիպման ժամանակ «ենթադրաբար հակապետական ծրագրեր էին մշակվում»:
«Ի տարբերություն վրացական ԶԼՄ-ների, այս հանդիպման մասին տեղեկություններ տարածել են հայկական լրատվամիջոցները: Քննարկման թեման այստեղ կարող էր դառնալ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցը և վրացական երկաթուղու վաճառքը Ռուսաստանին»,- ասել է Գուգաևը` նշելով, որ իշխանությունն այս ամենն անում է իր դիրքերն ամրապնդելու համար:
«Նրանք կարող էին պայմանավորվել միայն այն հարցի վերաբերյալ, որ իրենց աթոռներին Ռուսաստանից ոչինչ չսպառնա: Այս տեսանկյունից շատ կասկածելի է նաև պաշտպանության նախարար Բաչո Ախալայի այցելությունը Երևան»,- նշել է Գուգաևը:
Նշենք, որ այս հայտարարությանն ի պատասխան` հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվություն կամ հաստատում չի հետևել: Հայտնի է միայն, որ Մերաբիշվիլին և Նուրգալիևը միասին նստած են եղել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի ոստիկանության 10-ամյակին նվիրված համերգի ընթացքում: