ՆԱՏՕ-ի վերաբերյալ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը` ի թիվս Թուրքիայի հետ կապված այլ հարցերի, խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին:
«Հայ-թուրքական հարաբերությունները ՆԱՏՕ-ի համագումարում պարտադիր քննարկվելիք թեմա չէ, բայց կարող եմ ասել, որ, որպես կանոն, երբ մենք հանդիպում ենք մեր թուրք գործընկերների հետ, հայ-թուրքական հարաբերությունների հարցը ինքնըստինքյան առաջ է գալիս, որովհետև այն չափազանց կարևոր է մեզ համար»,-նշել է պետքարտուղարի օգնականը:
Նրա խոսքով` վերջին մի քանի տարիների ընթացքում երկու երկրները ջանքեր են գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Կարծում եմ` հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելը, բարեկամական հարաբերություններ հաստատելը և ազատ առևտրի իրականացումը բխում է երկու ազգերի շահերից: Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների միջև ուղիղ երկխոսությանը և հաճախ ենք այդ խնդիրը բարձրացնում երկու կողմի մեր գործընկերների հետ հանդիպումներում»,- եզրափակել է Գորդոնը: